Monday, December 31, 2012

ԿԱՍԻՈՍ ԼՐԱՏՈՒ Թիւ 7 Դեկտեմբեր 2012



                        ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ
Էջ

2     Խմբագրութեան խօսքը

3     « ՄԻ  ՎԱԽՆԱՔ »

6     Մահազդ  …………………..…ՅՈՎԱԿ ՔՈՐԹՄՈՍԵԱՆԻ

8     Նահատակ ՝ Յովակ Քորթմոսեանի Յիշատակին

              Մուշեղ Պետիրեան     &   Ղեւոնդ վրդ. Բենդեզեան

9    Քեսապի Կաղանդը  …………………………Անի Աբէլեան

12   ՎՐԷԺ ԳԼԸՆՃԵԱՆԹՈՒՐԵԱՆ Գրագէտը  
                                                               Նշան Պասմաճեան
14  
ՔԵՍԱՊԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

16   ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ  ..Համադրեց՝ Յասմիկ Սաղտճեան

18    «Զրոյցներ հայերէնի մասին» ......՝ Սօսէ Պետիրեան

21    Ցանկամ Տեսնել…Անգինէ ԱյթապլեանՔորթմոսեան

22     Նամակ Կաղանդ Պապային……….…..Մակի Աբէլեան


2

Խմբագրութեան խօսքը
Ինչպէս անժխտելի իրականութիւն մըն է մեր հոգիներէն ներս՝տենչանքը երջանկութեան , նոյնքան մեծ իրականութիւն մըն է թէ ան՝ զոհողութիւններու շղթայի մը ծայրը կը գտնուի եւ թէ չկայ արշալոյսի փայլ կամ արեգշող զուարթութիւն՝ եթէ գիշեր մը իր մթութեամբ չկանխէ զայն :

Սուրիոյ մեր հայրենիքը այսօր կ՝ապրի մութ օրեր, ուր ցաւն ու տառապանքը կը հարուածեն մեզ,աղէտալի պատերազմը կը քանդէ քաղաքներ, տուներ, ընտանիքներ, անմեղ հոգիներ խլելով ամենուր: Եւ ահա կարգը կու գայ Քեսապին,մատուցելու անմեղ զոհ մը, հայրենիքի խորանին վրայ.դաժան հարուած մը եկաւ խլեց մեզմէ , բոլորիս սիրելի ,Յովակ Պետրոս Քորթմոսեանը: «Կասիոս» լրատուի խմբագրութիւնը իր խորին ցաւակցութիւնները կը յայտնէ նահատակ Յովակի ծնողքին,եղբօր, քրոջ,անոր մօտ պարագաներուն եւ համայն քեսապահայութեան:
Այս մութ օրերուն,Բէթղեհեմի մսուրէն կը հասնի,սակայն, քաղցրալուր ձայն մը խաղաղութեան:Այդ ձայնի Աստուածային օծումովը կը յուսանք որ կը բացուի նաեւ նոր տարին:
Հոգիները անդորրութեան եւ սիրոյ պէտք ունին:Երանի՜թէ դադրէին ալ պայթումները, ռումբերն ու փամփուշտները ու չլսուին անոնց մահասփիւռ ձայնը այլ անոնց փոխարէն լսէր ամէն մարդ մսուրի մանուկին հրաւէրին ձայնը եւ խաղաղութեան ծիածանը երկարէր իր գօտին՝գրկելու մեր սուրիական հայրենիքը:
Շնորհաւոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ
                                                                                                                                  Խմբագրութիւն
Խմբագրական Կազմ
Պրն. Նշան Պասմաճեան- Խմբագրապետ , Տիկ. Անի Չիւրիւքեան- Աբէլեան - Փոխ Խմբագրապետ , Խմբագրութեան անդամներ՝ Տիկ.Նայիրի Կարճիկեան-Մելքոնեան , Տիկ. Յասմիկ Աւագեան-Սաղտըճեան , Օրդ. Վանիկ Գլնճեան , Օրդ. Սօսէ Պետիրեան , Պրն. Րաֆֆի Ճուրեան :
Ձեր գրական ստեղծագործութիւններն ու ձեր նամակները ուղղուած Խմբագրութեան ՝ կրնաք յղել հետեւեալ հասցէին. gasioslradou@gmail.com

3


4


5



Յարգարժան Վարչութիւն
Քեսապի Հ. Օհանջանեան մսնճ.ի


Սիրելի ընկեր-ընկերուհիներ
Շնորհակալութեամբ ստացած եւ հաճոյքով ընթերցած ենք գրական խմբակի հրատարակութեամբ լոյս տեսած «Կասիոս լրատուի 1-5 թիւերը, որոնց բովանդակութիւնը ըստ արժանւոյն կոչուած է ամբողջացնելու պահանջքը գաղութի մշակութային առօրեային։
Այս առթիւ կը շնորհաւորենք խմբագրական կազմը եւ կը մաղթենք մշտանորոգ կորով եւ ստեղծագործական նոր կարելիութիւններ, հայ մշակոյթի պահպանման վսեմ առաքելութեան ձգտող աշխատանքին, միշտ հաւատալով նորանոր յաջողութիւններու ու միեւնոյն ատեն սպասելով միութենական ձեր գործունէութեան յաջող ընթացքին։
Ընկերական բարեւներով,
Ի դիմաց՝
Համազգայինի Սուրիոյ Շրջանային Վարչութեան
Ատենադպրուհի՝ ՝ ընկհ. Էմմա Ազարիկեան         

Ատենապետ: ընկ. Արտօ Համբարձումեան

6

                               Մահազդ
Հոգշ. Տ. Վարանդ վրդ. Քորթմոսեան
Տէր եւ Տիկ. Պետրոս եւ Սիլվա Քորթմոսեան եւ դուստրը
Տիար Յակոբ Քորթմոսեան եւ զաւակունք
Տիկ. Սաթենիկ Սահակեան եւ զաւակունք
Քորթմոսեան եւ Սահակեան ընտանիքներ
Եւ համայն ազգականներն ու Քեսապահայութիւնը կը գուժեն իրենց եղբօր , զաւկին , թոռնիկին , հարազատին ՝
                                   ՅՈՎԱԿ ՔՈՐԹՄՈՍԵԱՆԻ
                                    (  ծնեալ ՝1989 –ին , Քեսապ )

                  ( Սուրական Ազգային բանակի առաջին սպայ )
Նահատակութիւնը , որ պատահեցաւ Հալէպի մէջ , զինուորական ծառայութեան ընթացքին :
Յուղարկաւորութեան արարողութիւնը կատարուեցաւ Կիրակի , 23 Դեկտ. –ին , կէսօրէ ետք ժամը 1:00 –ին , Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ , ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Քեսապի գերեզմանատունը :
 Ներկայս ընդունիլ իբրեւ մահազդ:

Կենսագրական՝ Նահատակ Յովակ Քորթմոսեանի

Սուրիական հայրենիքին Քեսապահայ նահատակ ՝ Յովակ Պետրոս Քորթմոսեան ծնած է 2 Ապրիլ 1989-ին : Զաւակն է Պետրոս Քորթմոսեանի եւ Սիլվա Սահակեանի : Կրտսերագոյն եղբայրն է Օրդ. Սոնիա Քորթմոսեանի եւ Արժանապատիւ Հայր Վարանդ Վրդ. Քորթմոսեանի:

Նախակրթարանի ուսումը ստացած է Քեսապի Ազգ. Ուսումնասիրաց վարժարանէն , ապա յաճախած է գիւղին պետական միջնակարգ դպրոցը որմէ ետք երկրորդական ուսում ստանալու համար կը մեկնի Լաթաքիա ուր կը հաճախէ արուեստից Ահմատ Շուման ուսումնարանը: Բարձրագոյն ուսման հասնելու նպատակով կը հաճախէ երկու տարի

7

 Լաթաքոյ պետական Թիշրին համալսարանը մասնագիտանալու հաշուապահութեան մէջ :

2010 –ին կ'որոշէ , նախքան նետուելու կեանքի ասպարէզ , կատարել իր զինուորական ծառայութիւնը Սուրիական բանակին մէջ :
Ինչպէս ամէն զինուորագրուող երիտասարդ , Յովակն ալ գիտակից էր թէ զինուորի մը կեանքը կրնայ ոեւէ ատեն վտանգի ենթարկուիլ , բայց այդ վտանգը յանցն առած , ան քաջաբար կը նետուի հայրենիքի ծառայութեան սրբազան գործին մէջ :

7 Սեպտ. 2012 –ին իր զօրանոցին վրայ կատարուած յարձակումէն ետք, կը դադրին անոր հետ բոլոր կապերը , եւ կը մնայ անյայտ մինչեւ 22 Դեկտ. երբ D.N.A –ի քննութիւններու միջոցաւ կը փաստուի որ Յովակը նահատակուած էր Սեպտ. ամսուն յարձակումի օրն իսկ , իսկոյն գոյժը կը հասնի ծնողաց եւ համայն Քեսապահայութեան:
Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի ունեցաւ 23- Դեկտ. 2012-ին խուռներամ Քեսապահայ բազմութեամբ :

Յովակը աշխոյժ , խանդավառ եւ արուեստասէր երիտասարդ էր :
Ան անդամակցած էր յաջորդաբար , պատանեկան , երիտասարդական եւ Հ.Մ.Ը.Մ –ի սկաուտական շարքերուն ինչպէս նաեւ անդամ էր Ջանից երիտասարդական շարժումին:
Յովակը երաժշտասէր էր նաեւ , կը նուագէր կիթառ եւ բարեկամներու հետ կազմած էին նուագախումբ մը որը ՝ գեղեցիկ երեւոյթ մըն էր Քեսապի մէջ:

Ան իր զուարթ եւ լաւատես նկարագրով կը համակէր իր շրջանակը եւ միջավայրը :
Յովակը նահատակուելով յանուն հայրենիքին միացաւ բոլոր անոնց որոնք իրենց մեծագոյն պարգեւը եւ վարձատրութիւնը կը գտնեն երկնային տիրոջ օթեւանին հասնելով :
Յովակը նահատակուելով միացաւ բոլոր անոնց որոնք իրենց հայրենիքը կը համարեն շատ աւելի սուղ քան իրենց սեփական կեանքը :

Յանուն հայրենիքին նահատակուեցար Յովա՛կ , բայց դուն անմա՛հ ես , որով իմացեալ մահը անմահութիւն է...

8

Նահատակ ՝
Յովակ Քորթմոսեանի Յիշատակին


Սուրիական մեր հայերենիքի,
Ծառայ զինուոր անկրկնելի,
Ոտքով գացիր ուսով եկար ,
Դուն Քեսապի պատիւ եղար:

Մարմինը քո անշնջացած ,
Բազուկներով վեր- վեր շալկուած,
Աչքերու մէջ կայ լճացած ,
Ամիսներու արցունք չորցած:

Ողջ Քեսապը այսօր կու լայ ,
Թող սուգ բռնէ ,ուր որ հայ կայ ,
Քեզմով հպարտ պէտք է ըլլայ ,
Քո ծնողքը , հէ՜յ ջան տղայ :

Ահա այսօր դուն նահատակ ,
Հողիդ դարձար քաջն Յովակ ,
Հոգիդ անմար ջահ թող ըլլայ
Քեզ նմաններ միշտ չէ որ կայ:

Զոյգ հայրենիք հպարտանան,
Ամպերուն մէջ վեհ Հայաստան ,
Արիւնաքամ կանաչ Սուրիան
Քանզի քեզպէս քաջեր դեռ կան:

                                                    Մուշեղ Պետիրեան
                                                    23-Դեկտ . 2012 Շարժա

Քաջ եղբայրս լսէ ինծի
Երկինքի կապոյտէն նայէ վար
Սուգ պատած է Քեսապը մեր
Արցունք կու լան լեռները մեր
Պարտէզ ու ծով քեզ կը կանչեն
Իբրեւ հերոս քեզ պսակեն:

Հոս է տեղդ ՝ սրտերը մեր
Երակներուն մէջ արեան
Րոպէ մը իսկ քեզ չենք ձգեր
Որպէս հերոս պատիւը մեր
Սուրբ յիշատակդ անթառամ:

Յանդուգն Յովակ , թռչէ երկինք
Ուր հրեշտակներ քեզ կը սպասեն
Վճիտ հոգիդ հանգչեցուր հոն
Արիասիրտ մեր թանկագին
Կարօտ ձգեցիր մեր բոլորին:
Ց...

                                              Ղեւոնդ վրդ. Բենդեզեան                                            

9

Քեսապի Կաղանդը

Գործող անձիք - Պէտըր ,40 տարեկան:
– Վարդէ , կինը:
– Ուսաննա , մայրը:
- Հայկօ , 5 տարեկան աղջիկը:
- Ծիրոն , 4 տարեկան տղան:
- Հիւրեր:


Տեսարանը կը ներկայացնէ Քեսապի հին տուներէն ՝ նստասենեակ մը , մէկ կողմը ծխնելոյզ ,
միւս կողմը կարասներ , մէջտեղը կլոր ցած սեղան մը , չորս կողմը բարձեր . պատէն կախուած է լամբ մը , ծխնելոյզին առջեւ նստած է մեծ մայրիկը « գլոր » կը բանայ , ամէն մէկ թոռը մէկ կողմը նստած:


Վարդէ: (կը մտնէ թոնիրի տարազով , գլխուն դրած «ծիղուօն սիղուն» մը , մէջը «ձիթուօն բիկէյղ» եւ «ծդրընուօն հուօց»: ) Իս իփիցայ խելըսիցայ , պույրըն :( կը դնէ «սիղուն» ը կլոր սեղանին վրայ: )
Ուսաննա : Աստունծու պէրէքէն իշնա:
Վարդէ : Սաղ ըննուօս : թըղ տումիս :
Հայկօ եւ Ծիրոն : (կը ցատկրտեն) Մումէյը իկիք , մումէյը իկիք:
Հայկօ : Աս չէ էնօշ հուտ ի , ձիթուօն բիկըղը հուտ :
Ծիրոն : Ծդրնոն հէցցը հուտ : ( Հայկօ բոկեղ մը կ՛առնէ , իսկ Ծիրոն հաց մը , ու կը վազեն մեծ մօր քով) :
Վարդէ : Ե՞ո փախաք ( կը վազէ անոնց ետեւէն , անոնք կը պահուտին մեծ մօր ետեւ ) Եոս էրկէք իշիմ ,
զետունք դրկուօսկը պր ուտինք , կաղընտէն :
Ուսաննա : Թող զչուջուխնեն ուտին , դրկուօսկ իղուօծ ի զաթը:
Վարդէ : Կաղընտէն չուօ՞ց պր ուտին:
Հայկօ : (գլուխը կը հանէ մեծ մօր ետեւէն ) Մը վախնու կաղընտէնիլի կ՛ուտինք:
Ծիրոն : (գլուխը կը հանէ միւս կողմէն ) Զալեք սիղուննըլի կ՛ուտինք:
( հարս ու կեսուր կը խնդան)

10

Ուսաննա : էննո՛շ ըննու , եավրննիրիս , դոք պաս կիրիէք :
( կը նստին մեծ մօր քով ու ախորժակով կ՛ուտեն ) (հարսին դառնալով) Իշիմ հալա չուօց ըղուն .
հուտը էնօշ հաննի : (հարսը կը մօտեցնէ «սիղուն»ը ) Օ՜,օ ,տաշշադ ըղիրին:
Վարդէ: կուտի՞ս միէ մը:
Ուսաննա : Հեմու չի , պազան . մէմնուն իմ , տիւմին ձառվէդ:
Վարդէ : ըտտը ուօրդ բարա ըննու , Աստուօծ չիսգէյսքի:
Ուսաննա : թղ տումիս Եաւրըմ , թղ տումիս : (Վարդէ «Սիղուն»ը կը դնէ սեղանին վրայ):
Վարդէ : Վարիմ զլամբան տա հենիմ զթինտըրը ըրախնես , հեմու կաղընտըղնէն կու գուն :
( կը վարէ լամբը ու ներս կ՛երթայ:
Պէտըր : (ներս կու գայ ձեռքը 2 շիշ գինի ) Օմ հայսի՜մ , կնէ՜կ , եո կուօս . տեմրճանան պերպիցայ , ե՞ո դնեմ զաս սիախնէն:
Վարդէ : (կու գայ հագուստները փոխած) էմըն տարա եաս ուօրը: (կ՛առնէ լեցուն շիշերը , կը դնէ սեղանին վրայ):
Պէտըր: Ամի՛ն : (մօրը դառնալով ) ե՞ո հէսսեուօր , մումէ՛ , խելըսիցի՞:
Ուսաննա : քեչ մնուօց : էրի կի սուխմի մը : (կը մօտենայ Պէտըր , մայրը «սուխմիկ» մը կը դնէ բերանը):
Պէտըր : Տիւմին ձառվէդ , շուօտ էնօշ ի :
Ուսաննա: էննօ՛շ ըննու եաւրըմ , Աստուօծ սրտէդ կիւրա ուտու:
Պէտըր: Աստուօծ ձառուօց – Վիտուօց չիսգիէյզ քի:
Ուսաննա : Ամին , Աստուօծ բարնէդ լըսսի : դար ֆայտա յայնինք : Տահա ձառուօցիս բուն հաննի:
Պէտըր : Աստուօծ շէօքիդ պէկուօս չինի , մումէ:
Վարդէ : Հայկօ՛ , էրի աւունի զես , բիրինք չարազ դնինք մասսէն , հիմու կու գուն կաղընտըղնէն : (ներս կ՛երթայ ու կը բերէ «սնտաղբէկ» մը լեցուն չիր ու չամիչ )Ուօր , Հայկօ՛ , աս թոզ , ընկոյզ , չեմեչ , սուճըգ իլան պաստգ ի , դէ սաղնէն: (Հայկօ կ՛առնէ ու կը դնէ սեղանին) : Աս բուվիկ, փսդուօծ կուրիկ , հաճալ մասու իլան սուլէգէկ ի : ( Հայկօ կ՛առնէ ու կը դնէ սեղանին ) : Աս ըլի փախլաւան ի ( կը բերէ «սինէ» մը փախլաւա) ըմմը էնօշ ի հուտը . իղուօն շինուօծիմ զը:

11

Պէտըր : Տո հալա պատրոյ մը ( կը փորձէ առնել կտոր մը , կինը կը հեռացնէ« սինէ» ն):
Վարդէ : Հեմու չի , եարանջկնճետ մըննու , մը խերեպի զսինէն :
( կը դնէ սեղանին վրայ: )               (Ձայներ կը լսուին դուրսէն)
Ձայներ : (դուրսէն) Շընշֆուր ձիր կաղունտը ՜ ... կտրա ձիր դդոմը՜ ...:
Վարդէ: (կը բանայ դուռը , խումբ մը երիտասարդներ կը մտնեն ) Պույրըն :
Բոլորը : Շընըֆուր ձիր կաղունտը:
Տնեցիներ : Բէրը կաղունտ ուգու ըրվինէդ :
Վարդէ :Պույրըն (կը նստին սեղանին շուրջ ու կ՛ուտեն):
Պետըր : Բի՛ գտախնայ , կնէ՛կ : ( Կինը կը բերէ գաւաթներ ու Պէտըր գինի կը լեցնէ անոնց մէջ ու կը հիւրասիրէ ) :
Բոլորը : ( գաւաթները կը բարձրացնեն ) էմն տարայ եաս ուօրը: (կը խմեն) :
Ուսաննա : Էննո՛շ ըննու , Աստուօծ պիհիէյզ ձի:
Հիւր ա. : ( կը մօտենայ Ուսաննային ) Աստուծոյ պերեքէն իշնայ , նանա՛ր :
Ուսաննա : Աստուօծ պիհիէյզ քի , եաւրը՛մ : Բուօց բիրունիդ : ( «սուխմիկ» մը կը դնէ բերանը) Հիւր ա. : Ը՜ը՜... ըմմիլի էնօշ ի : Տայմա ըննու :
Ուսաննա : թըղ տումիս եաւրըմ : Էնօշ սրտուօն թըղ ուտիէք ( Ձայներ կը լսուին ծխնելոյզէն)
Ձայներ : Շընըֆուր ձիր կաղունտը ՜ ... կըտրա ձիր դդոմը՜... ( ծխնելոյզէն «սդլիկ » մը կը կախուի ) :
Ուսաննա : (հարսին) Եաւրըմ , դէ էնօշ բենիր չուճուգնէն : (Վարդէ չիր ու չամիչ կը դնէ տուփին մէջ ) :
Պէտըր : (կնոջ) գնու նքսի , ըրք - չուք փուրթուգալ բի , եարանջըր ուօղ ֆիթին փուխէրիյը , անցընին զկրուօքը:
Վարդէ : (Ծխնելոյզէն վեր պոռալով) Հիիցէ՜ք , մուրթաք հալա : (ներս կ՛երթայ , մի քանի նարինջ կը բերէ ու կը դնէ «սդլիկ» ին մէջ ) քիշիցէ՛ք հեմու:
Ձայներ : ( կը քաշեն «սդլիկ»ը ) Էմըն տարա եաս ուօրիս . Բերը կաղունտ :
Տնեցիները : Ըրվինեդըլի : (կը լսուի եկեղեցիին զանգը )
Պէտըր : (ոտքի ) Շընըֆուր նուր տէրինէդ :
Բոլորը (ոտքի) բերը նուր տարայ ըննու ... (կ՛ողջագուրուին , մինչ եկեղեցւոյ զանգը կը շարունակէ հնչել, վարագոյրը կը գոցուի ) :
                                                                                                                             Անի Աբէլեան


12

Լրատուի իւրաքանչիւր թիւին մէջ պիտի փորձենք ներկայացնել քեսապցի մէկ կամ երկու տաղանդաւոր անհատ , զայն կամ զանոնք ծանօթացնելու համար ընթերցողին: Այս յօդուածը հպանցիկ ակնարկ մըն է նետուած Քեսապի հարազատ զաւակ , Վրէժ Գլընճեան-Թուրեանի գրական յատկանիշներուն վրայ (Խմբ.) :

ՎՐԷԺ ԳԼԸՆՃԵԱՆ – ԹՈՒՐԵԱՆ Գրագէտը


14






Քեսապի Գրադարանին նուիրուած բանաստեղծութիւնը , գրուած 1996ին , կը հրապարակենք «Հայ Գիրքի Տարուան» աւարտին: Հեղինակը կը յիշէ իր անցեալն ու «մտքի մկրտարան» իր սիրելի Գրադարանին անցեալի «փառք»ը եւ անոր ընդմէջէն կ'ողբայ այսօրուան Քեսապի Գրադարանին նաեւ աշխարհի հայկական գրադարաններուն խեղճութիւնը , լքուածութիւնն ու որբութիւնը : (Խմբ.)

ՔԵՍԱՊԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
Գրադարա~ն , դուն եղար մկրտարան մեր մտքին:
Քեզմով ցյագ ըմպեցինք Մեսրոպաշունչ հայ ոգին.
Մեր սրբազան հայրերու խրախոյսով թանկագին
Կայծ ստացանք քու հուրէդ մեր մտքերու պատրոյգին...:

Երբ կուգայինք մենք քեզի՝ սրտատրոփ, երկիւղած,
Զերթ ուխտաւոր մը վառուած իր տեսիլքով անխորտակ,
Խորհրդաւոր քու յարկդ՝գիրքի բոյրով յագեցած,
Կը համակէր մեզ որպէս յաւերժութեան տապանակ:

Պատարագէն նոր ելած կը կարծէինք որ դուն ալ
Տաճար մըն ես յիրաւի քու որմերէդ մեզ նայող
Անմահ սուրբերը հայոց՝Սահակ,Մեսրոպը դարձեալ
Կ'ոգէին մեզ հոս նորէն իրենց պատգամն առինքնող...:

Հրմշտկելով մենք զիրար կը շտապէինք կարգ բռնել
Դարաններուդ դիմացը ՝ այնքան համեստ , պարզունակ,
Մատեաններն հոն դարսուած կուգային մեզ փոթորկել
Իրենց տեսքով, հմայքով ու գանձերով անյատակ...:

15

Մէկը ժիր գրապահէն «Սամուէլ»ը կը պահանջէր,
Միւսն ալ յուզուած կը խնդրէր «Լերան Ոգին» , «Խեղճերը»,
Ուրիշ մը իր բամբ շեշտով «Վարդանանքը» կը ձայնէր,
Մանուկ մըն ալ կը գոչէր՝«Կ'ուզեմ Առիւծ Մհերը»...

Տարիներու հոլովոյթն հա՞րկ է այդքան տարփողել
Ու լրիւ տուրք տալ անոր մէն մի գիւտին , արարին,
Մեր ինքնութեան պատկերը հիմա ինչո՞վ որակել,
Երբ որբացուց թէկուզ լոկ մեր մատեանները անգին...:


Դարաններուն մէջ շքեղ՝անոնք հիմա կ'արտասուեն
Լքուածութեան խոր վիշտով եւ գուցէ զուր կ'երազեն
Այն օրերուն , երբ զիրենք կը խլէինք որպէս հաց...
Այս ի՞նչ անկում էր արդեօք, ո՜վ հայրերուս սուրբ Աստուած:

Հայ գիրքն հայէն մոռցուա՞ծ-հնարաւոր բա՞ն էր սա...
Անոնք այսպէս անտեսուա՞ծ-արհաւիրք է ասիկա.
Ի՞նչ յանցանքով մենք ինկանք աղէտին մէջ այսքան խոր,
Ո՜հ, երիցս մեղայ քեզ , անմխիթար հայ Տէր Զօր...:

Հայ գիրքն հայուն անհաղո՞րդ-սա ի՞նչ վայ էր չհնչած,
Մեր գիրն այսպէս ցրտահա՞ր-սա ի՞նչ խոց է մշտակոծ...:
Հիմա ինչո՞վ դիմադրենք ճերմակ ջարդին մոլեգնած,
Մի՛անիծեր , փրկէ՛ մեզ, արարչագործ հա՛յր Մաշտոց :

16

                        ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ                                (1851-1872)

«Նա է մեր նոր քնարերգութեան առաջին մեծը եւ միշտ էլ կը մնայ վերջինի կողքին, որոհետեւ նա չի հնանում, ինչպէս չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը...Լինելով մեր նորերի մեջ առաջին մեծը, միշտ էլ նա կը կանգնի վերջինի կողքին»:
                                                                                                                      Պարոյր Սեւակ

2012 թուականը կը հանդիսանայ, մահուան 140-րդ տարելիցը հայ գրականութեան Հանճարեղ Պատանիին՝ Պետրոս Դուրեանի, որ ճակատագրուած էր ապրելու 21 տարի միայն։ Իր վաղաժամ մահով այս հեղինակը իր լիացումին երբեք չհասաւ. մնաց խոստումնալից եւ մեզի ձգեց մնայուն արժէքով, գրեթէ աւարտուն, հազիւ տասնեակ մը քերթուածներ, որոնք բաւարար են սակայն իր անունը անմահացնելու:

Պետրոս Դուրեան ծնած է 1851թ.-ին, Պոլսոյ Սկիւտար թաղամասը, երկաթագործ Զմպայեանի աղքատ յարկին տակ: Ըստ Բ. Էքսերճեանի 1865թ.-ին Դուրեան կը հրաժարի Զմպայեան մականունէն, զմպա տաճկերէն արտահայտութիւնը փոխարինելով դուր հայերէն հոմանիշով:

Ուսումը կը ստանայ Սկիւտարի ճեմարանին մէջ, ուր ուսուցիչ կ՝ունենայ Յ.Պարոնեանը: Շատ կանուխէն իր մէջ կ'արթննայ գրականութեան հանդէպ սէրը: Արդէն 13 տարեկանին կը գրէ իր առաջին բանաստեղծութիւնը: Խանդավառ է նամանաւանդ թատրոնով եւ 15 տարեկանին կը գրէ «Վարդ եւ Շուշան» թատերախաղը: 1867թ.-ին, Ճեմարանը աւարտելէ ետք, իր աղքատ ծնողքին օգնելու համար, կը սկսի աշխատիլ իբրեւ առեւտրականի քարտուղար՝ոչ մէկ հրապոյր գտնելով այդ գործին մէջ: Կարճ ժամանակ ետք ստիպուած կ'ըլլայ ձգել այդ պաշտօնը, ինքզինք նուիրելով գրական եւ բեմական աշխատանքներու:

Ապրուստը ապահովելու դժուարութեան վրայ կը գումարուի աւելի ահաւորը՝ առողջական վիճակին քայքայումը թոքախտի վարակման հետեւանքով։ Անողոք ու անբուժելի հիւանդութիւնը խորագոյն յուսահատութիւն եւ յոռետեսութիւն կ՝առաջացնէ սիրոյ խոր զգացումներով եւ ալեկոծումներով հարուստ վաղամեռիկ բանաստեղծի յուզաշխարհին վրայ։ Դառնութեան խորագոյն

17

զգացողութիւնը եւս Դուրեան բանաստեղծականօրէն յաւերժացուց՝ հայ գրականութեան կտակելով իր անկրկնելի
«Լճակը».

Շատերը զիս մերժեցին,                                      
Քընար մ' ունի սոսկ ըսին.
Մին՝ դողդոջ է, գոյն չունի
Միւսն ալ ըսաւ. կը մեռնի։
Ոչ ոք ըսաւ, հէ՛ք տըղայ,
Արդեօք ինչո՞ւ կը մըխայ,
Թերեւս ըլլայ գեղանի,
Թէ որ սիրեմ, չը մեռնի։

Պ. Դուրեան իր մահկանացուն կը կնքէ 1872թ. Յունուար 20-ի գիշերը, թոքախտէ, 21 տարեկան հասակին մէջ: Ժողովուրդը կը դիմէ օրուան պատրիարք Խրիմեան Հայրիկին, որպէսզի վերջինս հրաման տայ որ շեփորախումբի ընկերակցութեամբ կատարուի յուղարկաւորութիւնը(Երեւոյթ մը որ ըդհանրացած չէր այն օրերուն): Վերջինս, մեծապէս յուզուելով, կը պատասխանէ. «Հրաման չեմ տար, բայց կը ներեմ»:

Քիչ գրողներ կան, որոնց ճակատագիրն այնքան տխուր ըլլար, որքան Պետրոս Դուրեանինը: Տասնամեակներ շարունակ Սկիւտարի ազգային գերեզմանատանը գտնուող Դուրեանի շիրիմը դարձաւ ուխտատեղի երիտասարդ տղաներու ու աղջիկներու, ինչպէս նաեւ ծերունիներու համար, որոնք երկիւղած համբոյր եւ սքանչացումի տողեր կը դրոշմեն «Սկիւտարի սոխակ» անունով օժտուած բանաստեղծի մարմարէ տապանաքարին վրայ:
Ահաւասիկ Զապէլ Եսայեանի խոստովանութիւնը.« Այնքայ~ն սիրած, այնքայ~ն լացած եմ իրեն համար, իմ երիտասարդութեանս առաջին տարիներուն իր ցաւովը ցաւած եւ իր տառապանքովը տառապած եմ երկարօրէն... Ինչպէ~ս պիտի ուզէի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնալ իր նուիրական հիւղակին ճամփան ու ըսել իրեն, թէ ինչպէս իր ցաւերը կ՝ երկարաձգուին եւ կը թրթռան իմ հոգուոյս մէջ…»

Դուրեանի գրական ժառանգութիւնը մեծ չէ, , բայց հազիւ քառասունի հասնող իր բանաստեղծութիւնները ինքնին բաւարար եղան, որպէսզի Պետրոս Դուրեան լայն հորիզոն բանայ հայ քնարերգութեան առջեւ:Ան մեզի կտակած է 40 տաղեր, 13 նամակներ

18

ու 11 ողբերգութիւններ: Իր ձեռագիրներէն ոմանք կորսուած են, ինչպէս` իր ինքնակենսագրական վէպը, «Վոսփորի գիշերներ»: Անշուշտ, Դուրեանի բուն տաղանդը երեւան կու գայ իր անձնական զգացումները արտայայտող բանաստեղծութիւններուն մէջ,ինչպէս ՝ «Տրտունջք», «Իմ մահը», «Լճակ», «Հեծեծմունք» եւ այլն:
Դուրեանի գործերը իր կենդանութեան օրոք առանձին հատորով լոյս չտեսան: Բայց, մահէն անմիջապէս ետք Սկիւտարի ընթերցասիրաց ընկերութեան կողմէ հրատարակուեցաւ «Տաղք եւ թատրերգութիւնք Պետրոս Դուրեանի ( Կ. Պոլիս 1872): Տաղերու հաւաքածոն տպագրուեցաւ նաեւ Երեւանի մէջ 1832թ.-ին ու 1836թ.-ին, տաղերն ու նամակները` Ս. Ղազար` 1945թ.-ին:
Իր օրին արդէն, Դուրեան, շատ սիրուած եւ փնտռուած բանաստեղծը դարձաւ հայ երիտասարդութեան։ Իր բանաստեղծութիւնները դարձան երիտասարդ սրտերու եւ հոգիներու հարազատ թարգմանը, անոնց շրթներուն շարունակ հնչող երգերը...
                                                                                         Համադրեց՝ Յասմիկ Սաղտճեան

«Զրոյցներ հայերէնի մասին»
2.-Ի՞նչպէս լողալ բառերու ծովուն մէջ


Որմնադիրը պատ կը շարէ: Իր նպատակն է որ պատը ըլլայ ամուր , այլեւ գեղեցիկ միանգամայն : Ան կը ջանայ ներդաշնակութիւն ստեղծել շարուածքին մէջ , մեկնելով երկու նկատումներէ՝ գործնական (որ կը վերաբերի պատին ամրութեան ) եւ գեղեցկագիտական ( որ շէնքին գեղեցկութիւնը պիտի կազմէ ) : Սակայն այս ալ ըսենք թէ պատշաճող քարերը ընտրելու համար վարպետը ընտրելու կարելիութիւն ալ ունենալու է . որքան մեծ ըլլան կարելիութիւնները , այնքան աւելի լաւ :
Նոյննէ նաեւ խօսքը «շարող»ին պարագան . որքան հարուստ ըլլայ իր բառապաշարը , այնքան դիւրին կ'ըլլայ գործը : Այս «քարը» (Բառը) եթէ չյարմարի , կ'առնէ միւսը , երրորդը ... մինչեւ որ ամէնէն յարմարը գտնէ:
Երբեմն ընտրութիւնը երկար կը տեւէ : Նշմարա՞ծ էք թէ ի՜նչպէս մարդ երբեմն կը կմկմայ , յարմար բառը ժամանակին չգտնելու համար :

19

 Բանաստեղծ մը կրնայ օրերով փնտռել իր ուզած բառը եւ չգտնել : Բառերու ընտրութիւն կ'ըլլայ նաեւ առօրեայ խօսակցութեան ժամանակ :Մեր ամէնէն յուզուած պահուն իսկ կը ջանանք մեզ համակած յուզումին յատկապէս պատշաճող բառը կամ արտայայտութիւնը գտնել :
Բառերը ըստ մեր ապրումին ու տրամադրութեան գտնելու համար սակայն , հարուստ բառապաշար ունենալու ենք , եւ ճաշակ միանգամայն :
Արդ , ի՞նչպէս «լողանք բառերու ծովուն մէջ»:
Ատիկա ո՞վ չի գիտեր որ ,- հարցումին հարցումով պիտի ուզէին պատասխանել ոմանք : Եթէ ըսածնիդ խօսելու կամ գրելու մասին է , ապա ամէն մարդ արարած ալ քիչ շատ կրնայ թէ՛ խօսիլ , թէ՛ գրել , ըսել է թէ՝ «լողալ բառերու ծովուն մէջ»:
Սակայն լողալ ալ կայ , լողալ ալ : Մարդ կայ որ ձուկի պէս կը լողայ , բառերու ծովուն մէջ ինքզինքը այնպէս կը զգայ , ինչպէս ձուկը ՝ ջուրի մէջ : Մարդ ալ կայ որ հազիւ հազ ջուրին երեսը կը մնայ : Կարեւորը այն է որ լաւ լողաս , կարելի եղածին չափ լաւ խօսիս ու գրես , այլապէս վայրիվերոյ բառեր գործածելը ի՞նչ օգուտ ունի :
Կասկածէ վեր է թէ աղէկ խօսողն ալ գէշն ալ բառեր կ'ընտրէ վերջապէս : Խնդիրը ընտրութեան որակն է:
Լեզուի բառապաշարէն աղէկ ընտրութիւն կատարող անձի մը խօսքը կ'ըլլայ հետաքրքրական , հարուստ , կենդանի , համով –հոտով , գրաւիչ միւսինը ՝ տափակ , աղքատ , անհամ , անհրապոյր :
Կենսաբանութեան մէջ (Biology) ծանօթ է «բնական ընտրութիւն» (Natural Selection) ըմբռնումը . կենդանիները , բոյսերը «բնազդաբար» կ'ընտրուին հոս : Փորձենք ատիկա փոխադրել խօսքի մարզը :
Առօրեայ կեանքի մէջ՝ մարդը խօսելու ատեն կարծէք թէ դարձեալ «բնական ընտրութիւն» կ'ընէ . բառերը եւ դարձուածքները կ'ընտրէ իր բնական հակումներուն , իր բնաւորութեան համեմատ , եւ ատիկա իր կնիքը կը դնէ մարդուս խօսքին վրայ , անպէս որ ամէն մէկուն անհատականութիւնը մէջտեղ կու գայ ի՛ր իսկ խօսքին մէջ:
Սակայն ի՞նչպէս կ'ըլլայ ատիկա . չէ՞ որ բոլոր մարդիկ կը գործածեն նոյն լեզուին բառապաշարը :

20

Լեզուաբանները շատոնց փաստած են թէ լեզուն հասարակաց սեփականութիւնը ըլլալով հանդերձ ՝ միեւնոյն ատեն խորապէս անհատական երեւոյթ ունի եւ կը ցոլացնէ անհատին մտածողութեան ու նկարագրին ինքնատպութիւնը ընտրութիւն կատարելու շնորհիւ:
Կան նաեւ գիտական ընտրութիւն եւ արուեստական ըտնրութիւն: Սակայն ասիկա ընտրութեան ամէնէն բարձր աստիճանը չէ տակաւին : Ամենավերինը «ստեղծագործական ընտրութիւն»ն է , որուն վարպետները արդէն ՝ գրողներն են , բանաստեղծները . ասոնք են որ կը ստեղծեն գեղարուեստական խօսքի ճշմարիտ արժէքներ : Իսկ արուեստաւոր խօսք կը ստեղծուի հոն ուր «ամէն մի բառ , ամէն մի ձեւ կամ ոճ մի մեծ ստեղծագործութիւն է ու մի ամբողջ աշխարհ» (Յովհաննէս Թումանեան):
Ահաւասիկ այդպիսի բառ մը , խօսքի ձեւ մը կամ ոճ մը գտնելու համար է որ շարունակ կը մտածեն բանաստեղծները : Ասիկա է ճիշդ որ կը կոչուի «խօսքի տառապանք» : Ատիկա բանաստեղծներուն ծանր ճակատագիրն է . չէ՞ որ բանաստեղծ «խօսք ստեղծող» կը նշանակէ : Բան բառը շատ , անսպասելիօրէն շատ իմաստներ ունի (հետաքրքրական պիտի ըլլայ , բառարան նայեցէք ) , Բայց անոր առաջին իմաստը «խօսք»ն է :Իսկ խօսքը , ինչպէս ձեզի ծանօթ է , բառերէ կը ստեղծուի : Ատոր համար է որ բանաստեղծները «կը լողան» բառերու մէջ , բառեր կ'ընտրեն , ստեղծագործական ընտրութեամբ:
Բառերու ծովուն մէջ ամէն մարդ ընտրութիւն կ'ընէ , գտնելու համար այդ պահուն իրեն պէտք եղած արտայայտութիւնը : Ամէն ոք կը ջանայ , բայց տարբեր չափով կը յաջողի ...:(շարունակելի)
                                                                                          Համադրեց՝ Սօսէ Պետիրեան











21

                         Ցանկամ Տեսնել

                            Երբ պիտի բացուին դռներն յուսոյ
                            Եւ մեր երկրէն փախ տան չարեր
                            Չքնաղ երկիրն մեր Սուրիոյ
                            Ե՞րբ փայլի իւր քաղցրիկ օրեր
                            Ե՞րբ Սուրիան պիտի դառնայ
                            Գեղեցիկ , փայլուն զերդ արեւ .
                            Ցանկամ տեսնել զիմ Սուրիա
                           Հանգիստ խաղաղ կու տայ բարեւ:

                           Բաւ է տեսնել փլած շէնքեր.
                          Վիրաւորներ ու մեռեալներ .
                          Զոհուած անմեղ շատ մանուկներ
                          Որ խիստ կ'այրեն բոլոր սրտեր.
                          Տէր Աստուած , լսէ՛ մեր խնդրանք
                          Պահէ՛ Սուրիան միշտ անվտանգ.
                          Թող որ վերստին շողշողայ
                          Ժպիտ մարդոց դէմքին վրայ:

                         Փրկիչ մը կայ մեր կեանքին մէջ                  
                         Որ կը ջնջէ ամէն սեւ էջ.
                         Յիսուս Քրիստոս է իր անուն
                         Կու տայ մեզի խաղաղութիւն.
                         Թող Սուրբ Ծնունդն ու Նոր Տարին
                         Տայ օրհնութիւն ամէն մէկին.
                         Ցանկամ տեսնել զիմ Սուրիան .
                        միշտ ապահով ու յաղթական:
                                                     Անգինէ Այթապլեան –Քորթմոսեան


22

Նամակ Կաղանդ Պապային

Նստած մանկութեանս նկարները կը դիտեմ , յանկարծ ծաղիկ դասարանի կաղանդի հանդիսութեան նկար մը անցաւ աչքիս առջեւ եւ յիշեցի թէ՝ ինչպէս մանկութեան կաղանդ պապային նամակ կը գրէինք եւ մեր հայրերուն կու տայինք , որպէսզի նամակատուն տանին եւ մենք ալ կը հաւատայինք թէ կաղանդ պապան մեր ուզածները պիտի բերէր...
Մանկութի՜ւն ... որքա՜ն կը հաւատայինք մեզի ըսուածներուն...«Նամակ գրեցէք կաղանդ պապային» : Հիմա ալ Ամանորի տօնական օրեր են եւ արդէն ես պատանուհի , չհաւատալով հանդերձ կաղանդ պապային ծխնելոյզէն իջնելու առասպէլին դարձեալ կը գրեմ նամակ...

Սիրելի Կաղանդ Պապա ,
Շատ ուրախ եմ որ այս տարի եւս պիտի տեսնուինք եւ նոր տարի մը պիտի դիմաւորենք միասին : Անուշիկ պապուկ կ'ուզեմ որ այս տարի, ոչ միայն ինծի այլ բոլորին բերես ,առողջութեամբ , աշխատասիրութեամբ եւ սիրով լեցուն տարի մը . Նաեւ խաղաղութիւն բեր մեր Սուրիական հայրենիքին : Ամչնալով կ'աւելցնեմ նոյնիսկ անուշիկ պուպրիկ մը հակառակ որ մեծցած եմ բայց տակաւին հաճելի է նուէր ստանալը : Թէեւ այս տարուայ խնդրանքներս շատ են բայց յոյսով եմ որ կը կարդաս նամակս եւ խնդրանքներս կը բերես...
Պահարանը կը դնեմ հօրս բարձին տակ որպէսզի յանձնէ Կաղանդ Պապային :
Անհամբեր հաճոյքով կը սպասեմ քեզ սիրելի Կաղանդ Պապա...
                                                                                                                    Մակի Աբէլեան